Բաժին. Տնտեսական

Առաջին բիզնես դպրոցը հյուրընկալել էր Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանին

Հոկտեմբերի 25-ին Առաջին բիզնես դպրոցը հյուրընկալել էր Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն՝ Տիգրան Յուզբաշյանին, ով իր հարուստ փորձով, անցած ճանապարհով և բիզնեսի հաջողության գաղտնիքներով կիսվեց ուսանողների հետ:

Ուսանողները հնարավորություն ունեցան խորապես ծանոթանալ  արդեն 12 տարի ՀՀ-ում հաջողված բիզնես գործունեություն ծավալած խոշորագույն սննդի ցանցի աշխատանքներին։ Քննարկվեցին ցանցի տարբեր հարցեր՝ ներքին և արտաքին խնդիրները, ռացիոնալ կառավարման տարբերակները, մարքեթինգային ռազմավարությունը, բիզնեսում հաջողության հասնելու կարևորագույն քայլերը և այլն։

Ուսանողներին առավելապես հետաքրքիր էր նաև Կարասի՝ միջազգային շուկա մուտք գործելու դրդապատճառները, առավելություններն ու ռիսկերը հասկանալը։ ԱՄՆ-ում բացվող մասնաճյուղի հետ կապված հարցերը և Տիգրան Յոզբաշյանի անկեղծ, բաց ու թափանցիկ պատասխանները նոր գաղափարներ և գիտելիքներ փոխանցեցին ներկաներին։

Կարասի ծավալած պարբերական բնույթ կրող բարեգործական մարաթոնները, մարքեթինգային հետաքրքիր նախագծերը ևս ոգևորող և մոտիվացնող էին բիզնես դպրոցի ուսանողների համար։

Ներկայացվեց նաև «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» հետ համատեղ Կարաս ազգային սննդի ցանցի համագործակցությունը, որը մեկնարկել էր 2014թ-ին և ուղղված էր ցանցի զարգացման ծրագրի իրականացմանը։

EBRD-ի Փոքր Բիզնեսի Աջակցության խմբի կողմից ղեկավարված և վերահսկված համագործակցության արդյունքում, Կարասը ներդրեց HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշները, որոնք այսօր արդեն կիրառվում են ցանցի կողմից՝ վերահսկելով սննդամթերքի արտադրության և պահպանման անվտանգությունը:

Արտասահմանյան ընկերությունների success story-ներն անգիր իմանալը և դրանցով հիանալն արդեն չի կարևորում նոր սերունդը։ Մենք մեր երկրում ավելի հիացնող օրինակներ ունենք։

Share