Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ. 2017թ. հունվար-սեպտեմբեր

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Հաշվետու հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել 32,25 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Ընդ որում, վճարված հարկերի ծավալում գերակշռել են անուղղակի հարկերը:

2017 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ Հարկային Ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ մեր երկրի խոշոր հարկատուների առաջին եռյակում հայտնվել են նաև «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 22,18 մլրդ ՀՀ դրամ և 18,84 մլրդ ՀՀ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 4-րդ հորիզոնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 16,16 մլրդ ՀՀ դրամի վճարված հարկերով և տուրքերով: Առաջին հնգյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է 13,14 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը (10,22 մլրդ ՀՀ դրամ), «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (9,28 մլրդ ՀՀ դրամ), «Թեղուտ»-ը, որ վճարել է 9,13 մլրդ ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր, ինչպես նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը (7,93 մլրդ ՀՀ դրամ) և «Ֆլեշ» ընկերությունը (7,92 մլրդ ՀՀ դրամ):

Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին մեր երկրի 10 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 147 մլրդ ՀՀ դրամ:

Share