Բաժին. Տնտեսական

Վահագն Չախալյան. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով հայկական բեռների տեղափոխումը արգելող որևէ օրինական միջոց չկա

Ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանություններն օգնել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմանը: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ 2006 թվականին իր ձերբակալումով սկիզբ դրվեց այդ երկաթգծի կառուցման հեռանկարին:

«Այն ժամանակ ջավախահայությունը շատ ուժեղ էր՝ «Միասնական Ջավախքի» շնորհիվ, կկարողանար կանխեր երկաթգծի կառուցումը, սակայն, եղավ այն, ինչ եղավ: Փաստ է, որ իմ ձերբակալությունը նպաստեց, որ «Միասնական Ջավախքի» շատ անդամներ հիասթափվեն: Այն ժամանակ, երբ մենք պայքարում էինք ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար, մեր լոզունգներից մեկն էլ՝ «Ոչ Ախալքալաք-Կարս երկաթգծի շահագործմանն»-ն էր: Բայց սա պետք է ասենք ու անցնենք: Մտածենք, թե ինչ կարելի է հիմա անել»,- ասաց նա:

Վահագն Չախալյանը հիշեց, որ իրենք, իհարկե, խաղաղ միջոցներով, բայց ամեն կերպ խոչընդոտում էին Ախալքալաք-Կարս երկաթգծի շահագործմանը, որ «երկաթգծի շինարարության համար հող չփորվեր»: «Այն ժամանակ ջավախահայերն իրենց հողերը չէին վաճառում՝ երկաթգիծն այդ տարածքում կառուցելու համար: Մենք՝ «Միասնական Ջավախքը», ամեն ինչը պատրաստել էր դրա կառուցումը խոչընդոտելու համար»,- հիշատակեց նա՝ հավելելով, որ սակայն հայերի հողերն անօրինական ձևով վաճառվեցին, խլվեցին:

Ջավախահայի խոսքով՝ ժամանակին հայաստանյան իշխանությունները ոչ թե պետք է ձերբակալեին իրեն, այլ պետք է ուժեղացնեին «Միասնական Ջավախքը»՝ ուղղակի և անուղղակի ձևերով: «Պետք է օժանդակեին մեր պայքարին»,- նշեց նա:

Նրա խոսքով, անցյալը պետք է մնա հետևում, իսկ հիմա փաստն այն է, որ երկաթգիծը շահագործման է անցել: Հայաստանը, ըստ նրա, իր հերթին պետք է հասկանա, թե ինչ պետք է անի: «Ջավախահայությունը պետք է ամեն ինչ անի, որ այդ երկաթգծի շահագործումից Հայաստանը ոչ թե տուժի, այլ օգուտներ քաղի»,- ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքով՝  ճիշտ աշխատելու դեպքում իր նշածը հնարավոր է:

Վահագն Չախալյանը նկատեց, որ որևիցե օրինական միջոց չկա, որով  արգելեն հայկական բեռների տեղափոխումն այդ երկաթգծով: «Եթե նման բան արվի, ապա պետք է լինի անօրինական միջոցներով, իսկ անօրինական միջոցների դեմ պայքարելը ավելի հեշտ կլինի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իր համար էլ է հետաքրքրական, թե ինչ միջոցներով պետք է արգելվեն հայկական բեռների փոխադրումը երկաթգծով: «Սա ոչ պակաս կարևոր հարց է: Սա նշանակում է, որ Վրաստանի հայ քաղաքացիները ճիշտ ձևով պետք է իրենց հարցադրումները ներկայացնեն իշխանություններին: Վերջիններս էլ պետք է բացատրեն իրենց՝ ազգությամբ հայ քաղաքացիներին, թե ինչ եղանակով կարող են օգտվել երկաթգծից, հասնեն Ղազախստան, Չինաստան»,- ասաց նա:

Հայաստանի իշխանությունները պետք է աշխատանք տանեն Վրաստանի հետ՝ մեկուսացումից խուսափելու համար, ճիշտ, գրագետ, աշխատեն: Վահագն Չախալյանի նկատառմամբ՝ այսօրվանները բավականին  խելամիտ քաղաքականություն են վարում: «Ամեն դեպքում հասկանում են իրավիճակը: Երկու քարի արանքում են․ ըմբռնում են, եղածի վտանգներով հղի լինելը»,- ասաց նա:

Վահագն Չախալյանը նշեց, որ մի բան ակնհայտ է, որ անկախ ամեն ինչից՝ ջավախահայությունը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես են խոչընդոտում հայկական բեռների՝ իրենց տարածքով տեղափոխելուն:  «Անկախ նրանից, այսօր մենք մենակ ենք, թե մենակ չենք այս պայքարի մեջ, մենք անտարբեր չենք մնա այս գործընթացների նկատմամբ: Չենք կարող թույլ տալ, որ խոչընդոտեն Հայաստանի բեռները մեր պապերի գերեզմանի մոտով անցնեն»,- ասաց նա:

Նրա խոսքով, իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ են դրել Հայաստանին մեկուսացնելու, սակայն երկաթուղու շահագործումով, ըստ նրա, թուրքերն իրենց նպատակին չեն հասնի: «Անկեղծ ասած, ես լավատես եմ: Ամենավատ իրավիճակից էլ կարելի է օգուտներ քաղել: Ճիշտ է այս պայքարում մեզ համար դժվար է լինելու, դժվար է լինելու, որովհետև մենք մենակ ենք ու չհասկացված այս պայքարում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը տրամադրեց ֆինանսավորում երկաթգծի շինարարությունը վերսկսելու համար և գուցե այդ պատճառով ինքն էլ թելադրի «խաղի կանոնները» Վահագն Չախալյանը պատասխանեց․ «Իհարկե, Ադրբեջանը ֆինանսավորել է մի քանի հարյուր միլիոն դոլար, բայց դա այնպես չէ, որ անվճար է արել, դեռ հակառակը՝ տալով այդ գումարը՝ Վրաստանի քաղաքացիներին է վնաս հասցրել: Մենք ենք հարկ տալու, որ այդ պարտքերը վերանան, մեր երեխաներն են տալու այդ հարկը: Ադրբեջանը կփորձի հնարավորինս շատ ճնշումներ գործադրել վրացական իշխանությունների վրա, որպեսզի հայկական բեռները չանցնեն այդ երկաթգծով: Եթե դա անեն «բեսպրեդել» ձևով, պետք է հայությունը դրան պատասխան տա»:

Ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչը նկատեց, որ այսօրվա վրացական իշխանությունները բավականին խոհեմ են, խնդիրների լուծմանն ավելի խելամտորեն են մոտենում: «Բոլորի համար հասկանալի է, որ եթե արգելվի հայկական բեռների փոխադրումն այդ երկաթգծով, ավելորդ լարվելու է իրավիճակը, որը որևիցե մեկին ձեռնտու չէ: Առանց այն էլ տարածաշրջանը փխրուն է: Մենք՝ ջավախահայությունը, ամեն ինչ անելու ենք, որ նման բան չլինի, սակայն մեր ունացած խնդիրներին ևս մեկն ավելանում է այդ երկաթգծի կառուցումով: Այդ հարցերը ջավախահայությունը բարձրացնելու է, պահանջելու է Վրաստանի իշխանություններից, որ իր անվտանգությունն ապահովվի Ադրբեջանի տարածքում»,- ասաց նա:

Վահագն Չախալյանը նաև մատնանշեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը, մասնավորապես, Ադրբեջանի համար ոչ այնքան տնտեսական ծրագիր է, որքան քաղաքական: «Ցավոք, իրենք այսօր քնում-զարթնում են Ղարաբաղի մասին մտածելով: Այս երկաթգիծը կառուցվել է ոչ այնքան Հայաստանի մեկուսացման համար, այն նրա համար, որ հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ավելի արագ և հասանելի ձևով կարողանան թուրքական ծանր զինտեխնիկան երկաթգծով տեղափոխել Ադրբեջան: Մի կարևոր բաղադրիչ էլ պետք է կարևորենք, որի մասին մենք ժամանակին ասել ենք․ պետք է կառուցվի նաև Նախիջևան-Կարս երկաթգիծը, և այսօր արդեն այդ մասին ոչ միայն հայտարարություններ են արվում, այլ նաև՝ կոնկրետ բանակցություններ են վարվում: Այդ երկաթգծով նաև Նախիջևանն ու Բաքուն կմիացվեն իրար՝ ցամաքային տարածքներով»,- ասաց նա:

Հայաստանի իշխանություններն այս պահի դրությամբ, Վահագն Չախալյանի խոսքով, տանում են այնպիսի քաղաքականություն, ինչպիսին պետք է տանեն: «Հայաստանի ձեռքերն այսօր կապված են Արցախով, մանևրելու տեղ չունի, շատ կոպիտ պատասխանելու հնարավորություն և միջոցներ չունի: Պետք է այս պահին պարզապես պետք է ուղիղ աշխատել վրացական իշխանությունների հետ»,- ասաց նա:

Share