Բաժին. Տնտեսական

Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանը բյուջե է վճարել 2,9 մլրդ դրամի հարկեր

Ընթացիկ ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը («Զվարթնոց» օդանավակայան) մեր երկրի պետական բյուջե է վճարել 2 մլրդ 904,66 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է ավելի քան 2 անգամ: 2016 թվականին հունվար-սեպտեմբերին Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության վճարած հարկերը և պետական այլ վճարները կազմել էին 7 մլրդ 546,9 մլն ՀՀ դրամ:

Վճարված հարկերի և պետական այլ վճարների ցուցանիշով «Զվարթնոց»-ը հայտնվել է երկրի խոշոր հարկատուների ցանկի 33-րդ տեղում: Ընկերության կողմից պետբյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ):

Նշենք, որ 2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանը Հայաստանի պետական բյուջե էր վճարել 9 մլրդ 101.7 մլն ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 4.74 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2014 թվականին՝ 4,03 մլրդ ՀՀ դրամ:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան Corporacion America ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

Share