Բաժին. Տնտեսական

Եկամուտների 24.5% անկում՝ բջջային ծառայությունների ոլորտում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները գրանցել են եկամուտների շուրջ 7% անկում: Այս մասին վկալում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ինն ամսում հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններն ապահովել են մոտ 101,5 մլրդ ՀՀ դրամի համախառն հասույթ, ընդ որում՝ հասույթը միայն բջջային ծառայություններից կազմել է 46,66 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, ինտերնետ հասանելիության ծառայություններից հասույթը կազմել է 33,3 մլրդ ՀՀ դրամ, հեռախոսային (լարային) ծառայություններից հասույթը՝ 9,39 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բջջային ծառայությունների ոլորտում գրանցվել է հասույթի 24.5% անկում, ինտերնետ հասանելիության ծառայությունների հասույթն աճել է 38%-ով, իսկ հեռախոսային (լարային) ծառայություններից հասույթը կրճատվել է 18%-ով:

Հիշեցնենք, որ 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 143 մլրդ 18.1 մլն ՀՀ դրամի հասույթ: 2015 թվականին համեմատ եկամուտները կրճատվել էին ավելի քան 20%-ով, ընդ որում՝ այս անկումը մեծապես պայմանավորվել էր բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ:

Share