Բաժին. Տնտեսական

ՀՀ կառավարություն. Կբարելավվի գործարար միջավայրը

Հարկային և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու՝ գործող մոտեցումները միասնականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հարկման նպատակով հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու հատկանիշ, հիմք է ընդունվելու հիմնական միջոցի մասի կամ բաղադրիչի փոխարինումը: Ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

Գործադիրը հաստատել է արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը: Նախագծով առաջարկվում է կարգավորել արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ առկա՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկման ապահովմամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է նաև «Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը որոշելու առանձին հարցերի վերաբերյալ» որոշում: Արդյունքում կհաստատվեն ռոյալթիների հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն և մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ տրանսպորտայինը) առավելագույն սահմանաչափերը:

Share