Ճգնաժամը, տնտեսական շահերի բախումները, շուկայի կտրուկ փոփոխությունները և մի շարք այլ գործոններ պատճառ են դառնում խոշոր ընկերությունների փլուզման և հայտնի բրենդների անհետացման: Հաշվի առնելով, որ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացման տեմպերն առավել զգալի են՝ այս ոլորտում անկումներն ու անհետացումներն առավել շատ են: Ներկայացնում ենք վերջին տարիներին գլոբալ տեխնոլոգիանական աշխարհում գրանցված ամենախոշոր անկումները.
Kodak / 20-րդ դարում ամերիկյան Kodak ընկերությունն իր ոլորտում անպարտելի էր: 1996 թվականին Kodak բրենդը ճանաչվել էր աշխարհում ամենաթանկ համաշխարհային բրենդներից 4-րդը՝ Disney, Coca-Cola և McDonalds ապրանքային նշաններից հետո: 1888 թվականին Kodak ընկերության թողարկած համանուն ֆոտոխցիկը համարվում էր տեխնոլոգիական կատարելություն: 1900 թվականին Kodak-ը ներկայացրել էր իր ամենահայտնի արտադրանքը՝ Kodak Brownie ֆոտոխցիկը, որը չնչին փոփոխություններով արտադրվել է շուրջ 70 տարի:
Kodak բրենդը երկար տասնամյակներ աշխարհում ընդունվում և ընկալվում էր որպես զարգացման և առաջընթացի հոմանիշ: Շուկայի կտրուկ փոփոխությունները, սակայն, ընկերության հասցրեցին լուրջ հարված: Չկարողանալով դիմադրել շուկայի փոփոխություններին և թվային ֆոտոխցիկների մրցակցությանը՝ ընկերությունը 2012 թվականին իրեն հայտարարեց սնանկ: Kodak ընկերության պարտքերի ընդհանուր ծավալը կազմում էր ավելի քան 6,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Polaroid / Polaroid-ին մեծ ճանաչում են բերել տեսախցիկները, որոնք հնարավորություն ունեին նկարելուց անմիջապես հետո տալու պատրաստի լուսանկարը: Նկարելու կոճակը սեղմելուց ընդամենը մի քանի վայրկյան հետո տեսախցիկից դուրս էր գալիս պատրաստի լուսանկարը: Տեսախցիկը լիցքավորվում էր ոչ թե ժապավեններով, այլ հատուկ ձայներիզներով, որոնք պարունակում էին թուղթ և քիմիական ռեակցիայի համար անհրաժեշտ նյութեր: Այս տեսախցիկների արտադրությունը սկսվել էր դեռևս Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո, սակայն Polaroid-ին հաջողվել էր շուկան «պայթեցնել» 1970-1980-ական թվականներին: Հետագայում, սակայն, թվային տեսախցիկների ի հայտ գալը լուրջ հարված հասցրեց Polaroid տեսախցիկների բիզնեսին:
Թվային տեսախցիկները հնարավորություն տվեցին մարդկանց դիտելու արված լուսանկարները մինչ դրանք տպագրելը, ինչը պակաս գրավիչ դարձրեց Polaroid տեսախցիկների արտադրության հիմքում ընկած գաղափարը՝ լուսանկարը ստանալ նկարվելուց անմիջապես հետո: Արդյունքում, չդիմանալով տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերներին և շուկայի փոփոխություններին՝ 2001 թվականին Polaroid-ը հայտարարեց, որ մեկնարկում է տեխնիկական սնանկացման գործընթաց: Polaroid ընկերության ակտիվների զգալի մասը վաճառվեցին և ընկերությունը ընտրեց բիզնեսի զարգացման համար այլ ուղղություն՝ զբաղվելով նաև կենցաղային տեխնիկայի արտադրությամբ:
Super Nintendo / Super Nintendo Entertainment System խաղային կցորդը, որը հայտնի է նաև որպես Super Nintendo, Super NES և SNES, թողարկվել է 1990 թվաանին Ճապոնիայում, որտեղ ուներ նաև մեկ այլ տարածված անուն՝ Super Famicom (Super Family Computer): Նոր 16-բիթանոց խաղային կցորդը շուկայում հայտնվելուն պես «պայթեցրեց» այն. առաջին խմբաքանակը՝ 300 հազար միավոր, վաճառվեց մի քանի ժամում: Ի տարբերություն շուկայում առկա մյուս մրցակիցների՝ Nintendo-ն ակտիվ համագործակցուն էր խաղեր մշակող բազմաթիվ ընկերությունների հետ, ինչպիսիք էին, օրինակ, Capcom, Konami, Tecmo, Square Co., Koei և Enix ընկերությունները, որոնց հետ միասին խաղեր էին մշակվել նաև NES կցորդների նախորդ սերունդների համար: Մեկ տարվա ընթացքում Super Nintendo-ն հայտնվեց նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և մի շարք երկրների շուկաներում: Super Nintendo-ի «ամենաուժեղ» կողմերից մեկը հայտնի Super Mario World խաղն էր:
Չնայած մեծ հաջողություններին՝ Super Nintendo-ի և 16-բիթանոց խաղերի «հաղթարշավը» տևեց շատ կարճ: Երբ մրցակից ընկերությունները սկսեցին անցում կատարել 32-բիթանոց մոդելների, Nintendo-ն որոշեց «դիմադրել» և ապացուցել Super NES-ի բարձր մրցունակությունը: Այս պայքարում, սակայն, հաղթեց տեխնոլոգիական առաջընթացը: