Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով տնտեսվարողը հնարավորություն կստանա նախապես տեղեկանալ ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ

Գալիք տարվանից ուժի մեջ մտնող Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքով հնարավորություն է ընձեռվել մաքսային մարմիններին կայացնել նաև մաքսային արժեքի ընտրության մեթոդի վերաբերյալ որոշումներ: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, ներկայում մաքսային մարմինները կարող են միայն նախնական որոշում կայացնել ապրանքների դասակարգման վերաբերյալ: «Նոր մաքսային օրենսգրքով հնարավորությունն ընդլայնվել է: Տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմել և ստանալ ոչ միայն ապրանքի դասակարգման ծածկագրի վերաբերյալ, այլև մաքսային արժեքի որոշման մեթոդի ընտրության առնչությամբ որոշումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց պաշտոնյան:

Նրա տեղեկացմամբ` այս փոփոխությունը հնարավորություն է տալիս, որ համանման դեպքերում, երբ տնտեսվարողը կատարի առաջիկա ներմուծումներ, մաքսային արժեքը կորոշվի նույն մեթոդով, եթե, իհարկե, ապրանքների մատակարարման պայմանները` ներմուծման երկիրը, մատակարարը և այլն չեն փոխվել: «Պատկերացրեք` տնտեսվարող սուբյեկտը ներկայացնում է փաստաթղթերն ու մաքսային մարմինները նախնական որոշում են կայացնում մաքսային արժեքն «Առաջին» մեթոդով որոշելու համար: Դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում, օրինակ, մեկ տարվա ընթացքում, համանման դեպքերում իր համար կիրառվելու է «Առաջին» մեթոդը ու իր համար մեթոդի փոփոխություն չի կատարվելու»,- հավելեց Վախթանգ Միրումյանը:

ՊԵԿ փոխնախագահը նշեց նաև, որ սա ոչ թե պարտավորություն է տնտեսվարողի համար, այլ իրավունք, որի կիրառումը նախատեսվում է, նախևառաջ, ազգային օրենսդրությամբ սահմանվելուց հետո:

Share