Բաժին. Տնտեսական

ԿԲ-ն վերանայել է իր գնահատականները. 2017թ. տնտեսական աճը կանխատեսվում է 3.3-4.8%

Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է մեր երկրում տնտեսական աճի իր գնահատականները: Ինչպես պարզաբանում են ԿԲ-ից՝ դրանք վերանայվել են աճման ուղղությամբ: Ներկայում ԿԲ-ն 2017 թվականի տնտեսական աճը գնահատում է 3.3-4.8% միջակայքում, որն ավելացվել է բացառապես ներքին պահանջարկի հաշվին: Ընդ որում, ակնկալվում է, որ վերջինիս բարձր աճը մասամբ չեզոքացնելու է արտաքին պահանջարկի նվազման ազդեցությունը:

ԿԲ հրապարակման համաձայն՝ ներքին պահանջարկի կառուցվածքում կանխատեսվում է մասնավոր սպառման 4.3%, մասնավոր ներդրումների 6.0%, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների արտահանման և ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական աճ՝ համապատասխանաբար 3.0-5.0% և 4.0-6.0% միջակայքերում: Միաժամանակ, ակնկալվում է, որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա 3.0 տոկոսային կետ զսպող ազդեցություն:

Առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճը:

Նշենք նաև, որ ԿԲ գնահատմամբ՝ 2018 թվականին տնտեսական աճը կլինի 2.7-4.5%, իսկ 2019թ.՝ 3.1-5.2% միջակայքում:

Share