Categories: Տնտեսական

Վախթանգ Միրումյան. ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը հիմնված է էլեկտրոնային կառավարման մոդելի վրա

Եվրասիական տնտեսական Միության նոր Մաքսային օրենսգիրքը հիմնված  է էլեկտրոնային կառավարման մոդելի վրա: Ազգային ժողովում ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին: «Սա օրենսգրքի հիմնական առավելություններից մեկն է, որն էապես նվազեցնում է տնտեսավարող սուբյեկտի, բիզնեսի այլընտրանքային ծախսերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրումյանը: 

ՊԵԿ փոխնախագահը հիշեցրեց, որ դեռևս 2016 թ. դեկտեմբերին ներդրել են մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային հայտարարագիրը, իսկ 2017 թ. կեսերից՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային տարբերակը, ինչի արդյունքում ցանկացած ֆիզիկական անձ կարող է ստանալ ծածկագիր, կնքել համապատասխան համաձայնագիր էլեկտրոնային եղանակով հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ և ներկայացնել:

«Սրանք, ըստ էության, մաքսային հայտարարագրման գործընթացի երկու հիմնական փաստաթղթերն են՝ մաքսային արժեքի որոշման վերաբերյալ հայտարարագիրը և մաքսային հայտարարագիրը: Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը նախատեսում է ոչ միայն սահմանափակվել այս երկու փաստաթղթով, այլ բոլոր տիպի փաստաթղթերով: Իհարկե, մենք սրան պատրաստ ենք, որպեսզի բոլոր աշխատանքները իրականացնենք մինչև 2020 թ.»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի տնտեսավարողները ևս պատրաստ լինեն նոր պայմաններով և մեթոդներով աշխատանքին: «Մենք իրազեկման և այլ աշխատանքների միջոցով ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք հնարավորինս արագ պատրաստ լինեն ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի անցնելուն»,- եզրափակեց Միրումյանը:

Share