Բաժին. Տնտեսական

ԱԺ-ում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը

ԱԺ-ում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնել է, որ մեկ պատգամավորական խմբակցության և պատգամավորների կողմից ներկայացվել են 111 առաջարկություն, ինչպես նաև առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարությունը, որի հիմքում դրված են առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած նոր տեղեկություններ և հանգամանքներ:

Նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով առաջարկները, նշել է, որ գերակշիռ մաս են կազմում երկրի սոցիալ-տնտեսական վիճակին և համայնքային նշանակության խնդիրներին վերաբերող առաջարկությունները, որոնց էլ կանդրադառնան ըստ առաջնահերթությունների՝ հաշվի առնելով առկա բյուջետային սահմանափակումները:

 Առաջարկությունների մյուս մասը, ըստ Արամյանի, ոլորտներում գումար ավելացնելու մասին են, որոնցում սակայն նախանշված չեն ծրագրային ուղղությունները: Արամյանի խոսքով՝ բյուջեն ձևավորվում է հստակ ծրագրային դրույթներով:

Մյուս ուղղությունը տնտեսական քաղաքականության վերաբերյալ տարբեր տեսակի առաջարկություններն են: Առաջարկներ են  եղել նաև  ուղղված են այս կամ այն ծրագրի  մասով գումար ավելացնելուն՝ առանց չափողականության: Արամյանը նշել է,  սակայն, որ խիստ չափողական պետք է լինեն յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված գումարները:

«Եթե թվային առումով ասեմ, ապա ստացել ենք մեկ առաջարկ՝ 4,6 մլրդով ավելացնելու հարկերը, որը վերաբերում է ռոյալթիներին»,-ասել է նախարարը և հավելել, որ կարծում է՝ 23 մլրդ դրամը, որ ծրագրվել է 2018թ. բյուջեում, խիստ իրատեսական է:

Ծախսային մասով առաջարկները կազմել են 16,4 մլրդ դրամ:

ԱԺ պատգամավորների և պատգամավորական խմբակցության առաջարկները ներկայացնելուց հետո՝ ՀՀ ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության առաջարկները, որոնք ընդհանուր ծավալային մասով կազմել են 15 մլրդ դրամ:

– Փոփոխությունների առաջին մասը կապված է փոխարժեքի հետ. 15 մլրդից շուրջ 1.5 մլրդ դրամը բաժին է ընկնում փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված խնդրին: Ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի՝ բյուջեի նախագիծն առաջին ընթերցման ժամանակ ներկայացվել է սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա փոխարժեքով: Երկրորդ ընթերցման ժամանակ, ըստ նույն օրենքի, որոշակի ճշգրտումներ են արվել՝ հիմքում դնելով նոյեմբերի 1-ի դրությամբ գործող փոխարժեքը: Դրամ/դոլար և դրամ/եվրո փոխարժեքները աճել են համապատասխանաբար 5 և 12 դրամով, ինչն էլ հանգեցրել է 1.5 մլրդ դրամի պահանջին:

– Երկրորդ խումբ փոփոխությունը վերաբերում Է «Հայաստան» զորախմբին: 1 մլրդ-ով ավելացել է զորախմբի ֆինանսավորումը, որը բխում է միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններից և սահմանային անվտանգության խնդիրներից:

– Երրորդ խոշոր բաղադրիչը Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասով 1 մլրդ 289 մլն դրամի չափով ծախսերի ավելացումն է՝ պայմանավորված 11 դրամով սակագնի բարձրացմամբ: «Մենք գնալու ենք փուլային տարբերակով. 2018 թվականին սուբսիդիան կտրամադրվի, որպեսզի այդ 11 դրամ բարձրացումը խնդիր չլինի, իսկ 2019 թվականի համար տնային աշխատանք ունենք անելու և ավելի թիրախավորված կաշխատենք: Սոցիալապես անապահովների համար հատուկ կարգ և մեխանիզմներ կսահմանվեն, որպեսզի սուբսիդավորումը տրվի կոնկրետ այդ խավին», -ասել է Արամյանը:

– Հաջորդ բաղադրիչը  1.7 մլրդով կառավարության աշխատակազմին տրվող ֆինանսավորումն է: Նախարար Արամյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ի հայտ եկած փոփոխությունները ևս պետք է հաշվի առնել:

– Չորրորդը և ամենախոշորներից մեկը առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունն է: Աժ պատգամավորների կողմից այս մասով ներկայացվել են 19 առաջարկներ, որոնցից 10-ը ընդունվել են ամբողջությամբ, 6-ը՝ մասամբ, իսկ 3-ի վերաբերյալ ներկայացվել են պարզաբանումներ: Ավելացվել է 4 մլրդ դրամի ֆինանսավորում. շուրջ 1.9 մլրդ-ը նախատեսված է արտահիվանդանոցային ծառայությունների մասով, որից 1.5 մլրդը ընդհանուր բնույթի բժշկական ծառայությունների համար է նախատեսված (պոլիկլինիկական ծառայությունների գծով ծախսերն են): Նախարար Արամյանը հստակեցրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ տեսանելի են եղել ֆինանսնավորման այն աղբյուրները, որոնք էլ հնարավորություն են տվել այս փոփոխությունները կատարել և հավելել է, որ կառավարության որոշմամբ տեղի է ունենում էլեկտրոնային առողջապահության ներդրման և զարգացման գործընթացը, որը հնարավորություն Է տալիս ավելի ճիշտ նույնականացնել մատուցվող ծառայությունները բնակչության պահանջներին,  թիրախային և արդյունավետ դարձնել դրանք,  խուսափել հնարավոր որակական և այլ թերություններից: 

Շուրջ 179 մլն դրամ հատկացվել է մասնագիտական բժշկական ծառայություններին, որի հիմնական մասը նախանշված է հեմոդիալեզի համար տրվող ֆինանսավորմանը: 1 մլրդ դրամը բաժին է ընկել սոցիալապես անապահով և հատուկ խմբերում բժշկական օգնության ծառայությունների մատուցմանը:

Վարդան Արամյանը նաև տեղեկացրել է, որ շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է պահուստային ֆոնդը, քանի որ սահմանադրական բարեփոխումների վերջնագծում կարող են առաջանալ լրացուցիչ ծախսեր, ինչպես նաև 2018 թվականին նախատեսվում են մի շարք կարևոր միջոցառումներ:

ՀՀ ֆինանսների նախարարն, ամփոփելով նախագծի վերաբերյալ զեկույցը, տեղեկացրել է, որ 2018թ. բյուջեի հիմքում դրվել են 6 հենասյուներ: Առաջին հենասյունը մակրոնտնտեսական կայունությունն է, որի հիմքում դրված է պետական պարտքի կայունությունը: Երկրորդն, ըստ նախարարի, անվտանգությունն է:  «Չեք գտնի աշխարհում մի երկիր, որտեղ կան անվտանգության հետ կապված ռիսկեր, և այնտեղ տեսնեք, որ մասնավորը ներդրում է կատարում, ստեղծում է աշխատատեղեր: Հետևաբար կարևոր հենասյունը անվտանգությանն ուղղված ծախսերի ավելացումն է, ինչ որ կառավարությունն իրականացրել է»,- նշել է նա: Երրորդ հենասյունը ենթակառուցվածքներում ներդրումներն են,   չորորդը՝ եկամուտների բալանսավորված հավաքագրումն է: Արամյանի խոսքով՝  եթե ցանկանում ենք 2 տարվա ընթացքում կուտակային  հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով բարելավել, մենք պետք է դա անենք խիստ հաշվեկշռված սկզբունքով: 5-րդ հենասյունը սոցիալական խնդիրների լուծումն է տնտեսական ակտիվության միջոցով, և 6-րդն, ըստ Արամյանի, ծախսերի ավելի նպատակային իրագործումն է:

2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 284 հազար դրամ. հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 307 մլրդ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ:

Share