Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. 1 տարում Հայաստանի բնակչության թվաքանակը նվազել է 12,4 հազար մարդով

Թեև 90-ականներին Հայաստանի բնակչության ծնելիության մակարդակի անկման և մահացության մակարդակի աճի, ինչպես նաև բնակչության ինտենսիվ արտագաղթով պայմանավորված բնակչության թվաքանակի նվազումը որոշակիորեն կայունացավ 2000-ական թվականներին, սակայն նվազման միտումը՝ որպես երևույթ դեռևս շարունակվում է:

Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 986,1 հազար մարդ և 2016թ. տարեսկզբի համեմատ այն նվազել է 12,4 հազար մարդով, որը ձևավորվել է հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի տարբերությամբ:

2017թ. տարեսկզբի դրությամբ արձանագրված ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել է 63.7%, իսկ գյուղականինը՝ 36.3%:

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.5%-ը կազմել է արական, իսկ 52.5%-ը` իգական սեռի բնակչությունը:

Բնակչության միջին տարիքը, 2017թ.-ի տարեսկզբի դրությամբ, կազմել է 36.2 տարի և ձևավորվել է 3.7 տարվա խզվածք արական և իգական սեռերի միջև, որոնք կազմել են համապատասխանաբար՝ 34.3 և 38.0 տարին:

2017թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 65.7%-ը կազմել է աշխատունակ տարիքի բնակչությունը (16-62 տարեկան), 21.1%-ը` 0-15 տարեկան երեխաները, իսկ 13.2%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և բարձր տարիքի) բնակչությունը:

Նշենք նաև, որ Հայաստանում 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշր՝ ՀՀ 2001թ. մարդահամարի նկատմամբ, նվազել է շուրջ 195 հազար մարդով, կամ 6%-ով: Ընդ որում, միջմարդահամարային տարիների ընթացքում (2001-2011թթ.) ՀՀ բնակչության բնական հավելաճը, այն է՝ բնակչության թվաքանակի բնական ճանապարհով ավելացումը, կազմել էր շուրջ 126 հազար մարդ, իսկ միգրացիայի մնացորդը՝ փոփոխությունը (նվազումը)՝ շուրջ -313 հազար մարդ:

Share