Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր «Մեղրի ազատ տնտեսական գոտու» աշխատանքների երկրորդ փուլին: «Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված՝ Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը։ Միաժամանակ՝ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,-նշել է Կարեն Կարապետյանը։
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին՝ 2-ամսյա ժամկետում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրի ազատ տնտեսական գոտու ձևավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտու» առավելությունների, առևտրային և լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաև տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացնի կառավարության աշխատակազմ։