Բաժին. Տնտեսական

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հերքում է «Ալեքս տեքստիլ»-ի արտադրանքը ՌԴ-ից ետ ուղարկելու լուրերը

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը հերքում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե «Ալեքս տեքստիլ»  ընկերության արտադրանքով բեռնված բեռնատարները Ռուսաստանից ետ են ուղարկվել Հայաստան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Եգանյանն ընդգծեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են ընկերության հետ և նման տեղեկատվություն չունեն` վստահեցնելով, որ նման խնդիր ունենալու դեպքում ընկերությունն այդ մասին անմիջապես կահազանգեր:

«Մենք, ինչպես մյուս բոլոր ընկերությունների, այնպես էլ «Ալեքս տեքստիլ» ընկերության հետ ամենօրյա կապի մեջ ենք` կապված իրենց խնդիրների հետ: Ամբողջ տեղեկատվությունը նաև ընկերությունը տրամադրում է մեզ, սակայն նման տեղեկատվություն մենք չունենք: Ես կարծում եմ, որ դա այդպես չէ, որովհետև ընկերությունը բավականին լուրջ արտահանման ծավալներ ունի, աշխատում է հիմնականում ռուսական շուկայի հետ»,- ասաց Եգանյանը:

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ընկերության արտադրանքը ետ է ուղարկվել բարձր գների և ռուսական շուկայում ոչ մրցունակ լինելու պատճառով` Արմեն Եգանյանն ընդգծեց, որ «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրանքը և ընդհանրապես հայկական թեթև արդյունաբերության արտադրանքը ռուսական շուկայում մրցունակ է: «Ընկերության արտահանումը 2017 թ., դրան նախորդած տարվա նկատմամբ,  4-5  անգամ աճել է: Այսինքն, իր հիմնադրման օրվանից ընկերությունն արտահանման դինամիկ աճ է ապահովում: Սա խոսում է այն մասին, որ ընկերության արտադրանքը մրցունակ է: Բացի այդ, ընկերությունն ունի մի շարք այլ ծրագրեր, որոնք ուղղված են դեպի ռուսական շուկա արտահանումն ընդլայնելուն»,- մանրամասնեց Արմեն Եգանյանը:

Նա նաև ընդգծեց, որ ընկերությունը հագեցած է ոլորտի համար ամենաժամանակակից սարքավորումներով, իսկ այս դեպքում ընկերության արտադրանքի մրցունակության հարցը կարելի է անգամ չքննարկել, քանի որ ժամանակակից սարքավորումներով հագեցած լինելը նշանակում է տալ բարձր արտադրողականություն, իսկ բարձր արտադրողականությունը մրցունակ արտադրանք ունենալու հիմնական գործոնն է:

Օրերս մամուլում լուրեր էին տարածվել, թե «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրանքով բեռնված բեռնատարները Ռուսաստանից ետ են ուղարկվել բարձր գների և ռուսական շուկայում ոչ մրցունակ լինելու պատճառով:

Share