Բաժին. Տնտեսական

Վարչապետը հանձնարարել է վերացնել գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտները

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետը հանձնարարական է տվել արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման վերաբերյալ: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։ Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:

«Իրականում անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչու ենք մենք իրեն այդ հարցով սահմանափակում»,-նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի չորրորդ հանձնարարականը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ էր: «Իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ համապատասխան գրանցումներն իրականացվում են սեղմ ժամկետներում և հիմնականում առցանց եղանակով, ինչը նաև որպես դրական արդյունք արձանագրվել է «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2018 թվականի զեկույցում։ Նշվածի հետ զուգահեռ, հարկավոր է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը, բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսվարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան, ընդլայնել թվային գործիքների հասանելիությունը և դրանց շրջանակը»,-նշել է վարչապետը և հանձնարարել արդարադատության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել իրավաբանական անձանց գրանցման, վերակազմակերպման մերժման հիմքերի, լուծարման և այլ լիազորությունների իրացման պարզեցման, գործնականում ՓԲԸ-ների գրանցման ժամկետների լրացուցիչ նվազեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ: Հանձնարարվել է նաև գործարկել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ համակցված լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը և ընդլայնել առցանց եղանակով ծառայությունների մատուցման շրջանակը։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին էլ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից պետական մարմիններ, այդ թվում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմումներ ներկայացնելիս էլեկտրոնային ստորագրության կիրառման գործիքակազմի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։

Share