Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը լիահույս է, որ մոտ ապագայում ազատ առևտրի գոտի ձևավորելու Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև բանակցությունները դրական արդյունք կարձանագրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իրանցի պաշտոնյան այս մասին հայտարարեց Երևանում Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում լավ արդյունք կնշեն այդ բանակցությունները: Անշուշտ, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության դերն ու մեր երկրների միջև բարեկամական կապերն ու հարաբերությունները կնպաստեն առաջ մղելու այդ բանակցությունները»,-ասաց Ռեզա Արդաքանիանը:
Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ և Իրանի հետ հարևան երկիր լայնորեն ներգրավված է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի պատրաստման աշխատանքներում:
Փորձագետների գնահատմամբ՝ ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտուրը կնպաստի արտահանման ծավալների 73 տոկոս ավելացմանը, շրջանառվող ապրանքների գերակշիռ մասն էլ բաժին կհասնի ոչ գյուղատնտեսական ապրանքներին, ինչպես օրինակ, դեղամիջոցներ, թուղթ, հագուստ, պողպատե արտադրանք, տարբեր տեսակի մեխանիկական և էլեկտրական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ: