Բաժին. Տնտեսական

Գեղարքունիքի մարզին կհատկացվի 1 միլիոն լիտր սուբսիդավորված դիզվառելիք

Գարնանացանի աշխատանքները կազմակերպելու համար Գեղարքունիքի մարզի տնտեսություններին պետության կողմից կհատկացվի 1 միլիոն լիտր սուբսիդավորված դիզվառելիք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, յուրաքանչյուր լիտր դիզվառելիքի դիմաց պետությունը սուբսիդավորելու է 60 դրամ:

Ըստ վարչության պետի՝ հատկացված չափաքանակը բավարար է գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու եւ գարնանացանը ժամանակին կազմակերպելու համար: «Նախորդ տարի մեր մարզի տնտեսություններին, ըստ տեղերից ներկայացված հայտերի, հատկացվել է 928 հազար լիտր սուբսիդավորված դիզվառելիք, որից տնտեսությունները իրացրել են մոտ 670 հազար լիտրը, ինչը մեզ հիմք է տալիս համոզվելու, որ 1 միլիոն լիտրը միանգամայն բավարարելու է մեր տնտեսությունների կարիքները: Առաջիկա մի քանի օրում կհստակեցվեն այն ժամկետները եւ մեխանիզմները, որոնց համաձայն տնտեսություններին կբաշխվի սուբսիդավորված դիզվառելիքը:

Մինչեւ գարնանացանի սկիզբը տնտեսությունները կստանան պահանջված դիզվառելիքը»,-նշեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:

Share