Բաժին. Տնտեսական

Կկարգավորվեն հանրապետությունում անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին: Նախագիծը կստեղծի իրավական հիմք` մարզերի զարգացման ծրագրերում, ինչպես նաև մասնավոր ներդրումային ծրագրերի, դրամաշնորհային կամ այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար: Արդյունքում կկարգավորվեն հանրապետությունում 1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքներն սկսվել և դադարեցվել են 1988-1993 թթ.-ին: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 205 կիսակառույց, որից 147-ը համարվել է վերակառուցման ենթակա, իսկ 58-ը՝ քանդման: Արդյունքում կբարելավվի բնակավայրի քաղաքաշինական միջավայրը, կառուցապատման նոր տարածքները կօգտագործվեն նպատակային, սոցիալական բնակարաններով կհամալրվեն սոցիալական բնակֆոնդը, կկառուցվեն հասարակական և արտադրական նշանակության անհրաժեշտ օբյեկտներ: Կիսակառույցների վերաբերյալ բազան կներկայացվի մարզպետարաններին և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` մարզերի զարգացման ծրագրերում այն ներառելու, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերակառուցելու նպատակով:

Կարևորելով ծրագրի իրականացումը՝ Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող բնակարանների (բնակելի տների) հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: 2009-2012 թթ. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում և Մարալիկ բնակավայրում, ինչպես նաև՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում կառուցվել են բնակարաններ: Սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չկնքելու, իսկ որոշ բնակարաններ՝ նաև բաշխված չլինելու պատճառով, դեռևս հանդիսանում են ՀՀ սեփականությունը: Որոշմամբ նախատեսվում է բաշխված բնակարանները նվիրաբերել համայնքներին՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ բնակարաններն ստացած քաղաքացիներին հատկացնելու պայմանով: Իսկ չբաշխված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված է պետական պարտավորություն: Նույն խնդիրն առկա է նաև 2000-2004 թթ. պետբյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի որոշ բնակարանների մասով: Առաջարկվում է այդ բնակարանները ևս նվիրաբերել համապատասխան համայնքներին:

Share