Բաժին. Տնտեսական

Շուկայում որակի գնահատման չափորոշիչների բարելավման միտում է արձանագրվել

Հայաստանյան շուկայում 2017-ին՝ 2016-ի համեմատ, գրանցվել է ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի 31% աճ: Արձանագրված փաստը վկայում է շուկայում որակի գնահատման չափորոշիչների բարելավման մասին։

Հենց այդ խնդրին հետամուտ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) ոչ պարենային ապրանքների շուկայում իրականացված աշխատանքներն ամփոփելով՝ արձանագրում է նաև, որ 14.6 %-ով ավելացել է ներմուծած արտադրանքի համապատասխանության գնահատման ցուցանիշը։ Եթե 2016-ի ընթացքում պարբերաբար և խոշոր ծավալի ոչ պարենային արտադրանք ներմուծող տնտեսվարող սուբյեկտների ընդամենը 12.8%-ն է իր կողմից ներմուծած արտադրանքը ենթարկել համապատասխանության գնահատման, ապա 2017 թ-ին՝ շուրջ 27,4%-ը:

Շուկայի անվտանգության ապահովման նպատակով տեսչական մարմինը իրականացնում է ինչպես վերահսկման, այնպես էլ կանխարգելման և հանրության լայն շրջանակների իրազեկման աշխատանքներ։ Այսպես՝ 2017-ին ՇՎՏՄ-ն իրականացրել է 197 ստուգում և տնտեսավարողների 81.7%-ի մոտ հայտնաբերել է տարբեր բնույթի՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի և այլ խախտումներ: Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, և նշանակված տուգանքների գումարը կազմել է 23,080.0 հազար ՀՀ դրամ։

Ըստ ոլորտների` խախտումների պատկերը հետևյալն է. ստուգված ԱԳԼՃԿ-ների 100%-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, խաղալիքների ոլորտում` 83%-ի, օծանելիքակոսմետիկական արտադրանքի ոլորտում` 80%-ի, ցածրավոլտ սարքավորումներ վաճառողների՝ 76%-ի, կենցաղային և սանիտարահիգիենիկ ապրանքների՝ 71%-ի, ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվողների` 67%-ի մոտ։ Չափումների միասնականության ապահովման առումով ստուգումներում խախտումներ արձանագրվել են 41% ընկերություններում:

Կանխարգելման և իրազեկման աշխատանքների շրջանակում՝ ՀԿ-ների հետ լայն համագործակցությամբ և ներգրավմամբ, կազմակերպվել են հանդիպումներ Երևանում և 4 մարզերում՝ Շիրակ, Սյունիք, Կոտայք, Տավուշ։ ԶԼՄ-ներում տարբեր ձևաչափերով լուսաբանվել է Տեսչական մարմնի գործունեությունը, մշտապես արձագանքվել է հանրության կողմից բարձրացված խնդիրներին։ ԶԼՄ-ների եւ թեժ գծի միջոցով իրականացվել է նաև խորհրդատվական աշխատանք՝ ուղղված սպառողների և տնտեսավարողների իրավագիտակցության բարձրացմանը։ Վերամշակվել և արդեն գործարկվել է նաև ՇՎՏՄ նոր կայքը՝ prosafe.am հասցեով, որտեղ մատչելի կերպով ներկայացվում է ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ սպառողներին հետաքրքրող ողջ տեղեկավտությունը ստուգումների ծրագրերի, դրանց արդյունքների մասին և այլն։

Share