Բաժին. Տնտեսական

2017թ. մասնավոր բիզնեսը շինարարության վրա ծախսել է 186,39 մլրդ ՀՀ դրամ

2017 թվականին մասնավոր ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին մեր երկրում իրականացվել է 186,39 մլրդ ՀՀ դրամի շինարարություն, ընդ որում՝ այս գումարից 43,67 մլրդ ՀՀ դրամը կազմել են օտարերկրյա ներդրողների միջոցները:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, մասնավոր բիզնեսի ֆինանսական միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները փոքր-ինչ նվազել են (մոտ 2%-ով): Արդյունքում, մասնավոր ընկերությունները ապահովել են մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի շուրջ 45%-ը:

Միևնույն ժամանակ, բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությունը կազմել է հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի մոտ 25%-ը կամ 102,18 մլրդ ՀՀ դրամ:

Բյուջեի միջոցներով իրականացվել է շինարարության համախառն ծավալի 9.3%-ը: Միջազգային վարկերի հաշվին իրականացվել է շինարարության ընդհանուր ծավալի 17.8%-ը:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ՝ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը պահպանվել է գրեթե նույն մակարդակում, պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը նվազել է մոտ 2%-ով, իսկ միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալն աճել է 20.5%-ով:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականին մեր երկրում իրականացվել է 415,87 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.2%-ով:

Share