Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. Մարզերում արձանագրվել է զգալի դրական աճ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ էր: «Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում, պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ, այդ թվում՝ ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,-նշել է վարչապետը։

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման, ֆինանսների նախարարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես անդրադառնալով մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։ Իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին հանձնարարվել է մարզպետարանների աշխատակազմի և մարզպետարանների ենթակայությամբ գործող այն ոլորտներում և մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին։

Share