Բաժին. Տնտեսական

Վիգեն Սարգսյան. պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակայություններից է

Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Պաշտպանական արդյունաբերության բնագավառում նորարարական ու բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացման գործում: Կարճ ժամանակահատվածում մշակվել և Զինված ուժերի սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնից մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարար Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ընդունվել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիր, որի գլխավոր նպատակը մասնագիտական սպառազինության և ռազմական տեխնիկայի, բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելն ու արտասահմանյան շուկաներ դուրս գալն է: Ցուցահանդեսը հագեցած կլինի ակտիվ գիտագործնական ծրագրով` գիտաժողովներ, կլոր-սեղաններ, ինչն, ըստ նախարարի, թույլ կտա քննարկել պաշտպանության և անվտանգության արդի խնդիրները, ամրապնդել եղած կապերը զինվորականների, գիտնականների ու գործարարների միջև:

Նախարարը տեղեկացրեց, որ ցուցահանդեսին իրենց արտադրանքները ներկայացնելու են 34 հայկական, ինչպես նաև 14 երկրի ավելի քան 30 ընկերություններ: «Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել պետական պատվիրակություններ Ռուսաստանից, Հունաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իրանից, Սերբիայից և Եգիպտոսից»,-նշեց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ ներկա է նաև ՀԱՊԿ պատվիրակությունը: Նա ներկաների անունից ցավակցություն հայտնեց ռուս գործընկերներին Կեմերովոյում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ:

«Հույս ունենք, որ այս միջոցառումը մեր երկրների զինվորականների, գիտական ու գործարար շրջանակների միջև արդյունավետ երկխոսության հարթակ կհանդիսանա միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար»,-եզրափակեց նախարար Սարգսյանը:

Share