Բաժին. Տնտեսական

Տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացնում

Հայաստանում անհատ տաքսի ծառայություն մատուցող վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք բարձրացնում են ոլորտի խնդիրները` նշելով, որ չկա հավասար մրցակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարորդները մտավախություն ունեն,  որ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները խուսափում են հարկերից: Անհավասար մրցակցային պայմաններում տաքսու վարորդները չեն կարողանում իրենց գործունեությունը շարունակել:

Վարորդները նաև իրենց դժգոհությունը հայտնեցին երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքներից և դրանք գանձելու գործընթացից: Մասնավորապես, նշվում էր, որ պատշաճ կարգով չեն տեղեկացվում տույժ ու տուգանքների մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ոլորտում բարեփոխումներ իրականացվեն:

Վարորդների մեծ մասը ՀՀ կառավարության շենքի մոտ էր եկել սեփական ավտոմեքենաներով: Նրանք իրենց ավտոմեքենաները կայանել էին երթևեկելի հատվածում: Ոստիկանները պահանջում էին ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց, սակայն վարորդները պնդում էին, որ դա կանեն, երբ Կառավարությունից իրենց ընդունեն և լսեն բարձրացրած հարցերը: Նրանք ընդգծում են, որ տարիներ շարունակ ոլորտը չի կարգավորում, խնդիրները չեն լուծվում, տաքսի ծառայություն մատուցողների զգալի մասը չի գալիս օրենքի դաշտ:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ համատեղ քննարկումից հետո մամուլին կհաղորդեն մանրամասներ:

Share