Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել:

Վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականներից մեկը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ էր: «2017 թվականի ապրիլ ամսից մեկնարկեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ամփոփված տվյալների համաձայն՝ ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին պետական սուբսիդավորման միջոցով, մատչելի պայմաններով մատակարարվել է 210 միավոր գյուղատնտեսական տեխնիկա», – նշել է Կարեն Կարապետյանը։

Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի փորձը և արդյունավետությունը՝ հանձնարարվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին 15-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել ագրոպարենային ողջ ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության նոր ծրագիր՝ ներառելով անասնաբուծությունում, բուսաբուծությունում, սառնարանային, ջերմոցային տնտեսություններում և ագրովերամշակող արդյունաբերությունում օգտագործվող սարքավորումները։

Share