Բաժին. Տնտեսական

Կապահովվի թափոնների արդյունավետ կառավարումը

Կառավարությունը հավանություն է տվել Արտադրատեսակների համար արտադրողի (ներմուծողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման ռազմավարությանը և դրանից բխող 2018-2021թթ. միջոցառումների ծրագրին: Ըստ այդմ՝ նախատեսվում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները և նպատակները, նախադրյալներ ստեղծել «Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի գիտակից կառավարման համակարգի» ներդրման համար, որով կապահովվի այդ ոլորտի գծով առաջացող թափոնների արդյունավետ կառավարումը և օրեցօր աճող բնապահպանական հիմնախնդիրների լուծումը:

Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու նպատակով: Ըստ այդմ՝ նախատեվում է Սևանա լճից 2018 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170 մլն խմ: Հիմնավորման համաձայն՝ մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը՝ 482 մլն խմ:

Share