Բաժին. Տնտեսական

Սահմանամերձ Վահանում արտագաղթ չկա. ցանքատարածություններն ավելանում են, աճում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է  Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր` գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, ինչպես նաև գարնանացան սերմնացուի, պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը տեղում ծանոթանալու նպատակով:

Այստեղ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։ Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը նշում է, որ Գյուղատնտեսության նախարարություն են դիմել գարնանացան գարու, ցորենի, առվույտի, կորնգանի սերմացուներ ձեռք բերելու համար։ Գարու, կորնգանի և գարնանացան ցորենի սերմացունները  արդեն ստացել են, առվյուտի  սերմացուն շուտով տեղ կհասնի։ Նորանշանակ ղեկավարը թեև դժվարանում է մտաբերել նախորդ տարվա ցուցանիշները, սակայն վստահեցնում է՝ անգամ անզեն աչքով էլ տեսանելի է, որ շուրջ 40 տոկոսով գարնանացանի ցանքատարածություններն ավելացել են։

Վահանում զբաղվում են նաև անասնապահությամբ, 6-7 տարի է արհեստական սերմնավորման փորձեր են կատարվում։ Արշակ Մկրտչյանը հպարտորեն է ավելացնում՝ սահմանամերձ Վահանում արտագաղթ չկա, մարդիկ ամուր կանգնած են հողին, իրենք էլ ամեն ինչ անում են, որ վահանցիներն իրենց մայր հողը լքելու մասին չմտածեն, շարունակեն արարել և շենացնել իրենց ընտանիքները։

Ֆերմեր Խաչիկ Ապրեսյանը նախորդ տարվա համեմատ շուրջ 3 հեկտարով ավելացրել է գարնանացանի ցանքատարածությունները, 3 նոր կաթնատու կով է ձեռք բերել։ Ցածր տոկոսադրույքով պետական աջակցության ծրագրից դեռ չի օգտվել, սակայն այն անհրաժեշտ է համարում՝ տնտեսությունն ընդլայնելու համար։

Ֆերմեր Սամվել Զարգարյանը նույնպես նախատեսում է ընդլայնել գարնանացանի ցանքատարածությունները` գյուղատնտեսական կենդանիների կերային բազան ավելացնելու նպատակով, քանի որ շահավետ է համարում անասնապահությամբ զբաղվելը: Ունի 4 կով և 2 երինջ, ցանկանում է օգտվել գյուղոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից` անասնագլխաքանակն ավելացնելու նպատակով:

Վահանի կաթարտադրողների սպառողական կոոպերատիվի նախագահ Իլյիչ Ղուլյանը պատմում է, որ համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են կաթի և մսի արտադրությամբ, 2002 թվականից այստեղ գործում է կաթի մթերման կետ, մթերման միջին գինը, կախված յուղայնությունից, կազմում է 200 դրամ, օրական մթերվում է շուրջ մեկ տոննա կաթ: Վճարումները կատարում են ժամանակին, պարտքեր չունեն:

«Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում այս տարի նախորդ տարիների համեմատ ցանքատարածքները փաստացի ավելանում են: Ուրախալին այն է, որ սահմանապահ Վահան բնակավայրում աննախադեպ ոգևորվածություն կա անասնապահության զարգացման առումով, ինչը հնարավորություն կընձեռի ավել ցանքեր կատարել և ապահովել կերարտադրության հարցը», – ամփոփելով այցի արդյունքները` նշում է փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մարզերին այս պահի դրությամբ արդեն տրամադրվել է շուրջ 1700 տոննա գարնանացան սերմ, այդ թվում` գարի, ցորեն, կորնգան և առվույտ, գործընթացը շարունակվում է: Նա նաև տեղեկացրել է, որ պետական աջակցության շրջանակում դիզվառելիքի ձեռքբերման համար հայտերն արդեն ներկայացվել են,  մատակարարների կողմից սկսվել է բաշխման գործընթացը: Շարունակվում է նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար հայտերի ընդունումը:

Այցի ընթացքում Աշոտ Հարությունյանը մասնակցել է Ճամբարակում կազմակերպված խորհրդակցությանը, որի ընթացքում տարածաշրջանի համայնքների բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Փոխնախարարը վստահեցրել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն  և կուսումնասիրվեն` հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով:

Share