Բաժին. Տնտեսական

Ներքաղաքական իրադրությունով պայմանավորված՝ ՊԵԿ-ը մայիսին հարկային մուտքերի անկման մտավախություն ունի

Պետեկամուտների կոմիտեն մտահոգություն ունի, որ մայիսին կարող են հարկային մուտքերի նվազում ունենալ՝ հաշվի առնելով ներքաղաքական վերջին զարգացումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը: «Ապրիլին արտացոլվել են դրան նախորդող ժամանակահատվածի արդյունքները: Մայիսի համար մենք ունենք մտահոգություններ, քանի որ ապրիլի երկրորդ շաբաթից սկսած տեսնում ենք ֆիսկալ շրջանառությունների անկում՝ թե ՀԴՄ-ներով, թե փաստաթղթերով: Ամեն օր ավելի քիչ է արտացոլվում ու դրա պատճառը միայն տնտեսական պասիվությունը չէ, այլ այն, որ որոշ հարկ վճարողներ, օգտվելով առիթից, ՀԴՄ կտրոններ չեն խփում: Մեր խնդրանք-հորդորն է, որ անկախ այս վիճակներից, մարդիկ պահպանեն օրենքի պահանջը և վճարեն բոլոր հարկերը»,-ասաց Կարեն Բրուտյանը:

Անդրադառնալով հարցադրմանը, որ ապրիլի 20-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն է, արդյոք չվճարման դեպքեր կա՞ն, և ի՞նչ տույժ-տուգանքներ կկիրառվեն չվճարողների հանդեպ, Կարեն Բրուտյանն ասաց, որ առաջիկայում այդ մասով վերլուծություն կներկայացվի: «Անկախ այս իրադարձություններից՝ մենք ունենք օրենքներ, որոնք բոլորս պարտավոր ենք պահպանել»,-ընդգծեց պաշտոնյան՝ հավելելով, որ ֆորսմաժորային իրավիճակ չի հայտարարվել:

«Կաշխատե՞ք պարոն Փաշինյանի կառավարությունում» հարցին ի պատասխան՝ Կարեն Բրուտյանն ասաց. «Մենք մի գործընթաց ենք սկսել, որ բոլորը վճարեն բոլոր հարկերը օրենքով սահմանված կարգով թե այս կառավարությունում, թե վաղը ձևավորվող կառավարությունում: Իմ հույսն ու նպատակն այն է, որ այդ կարգախոսն իրականացվի: Ես կաշխատեմ, թե ոչ, կարծում եմ՝ բացարձակ էական չէ, կարևորը հարկերի հավաքագրման ու վճարման օրինական գործընթացը ողջ ծավալով կյանքի կոչվելն է»:

Share