Բաժին. Տնտեսական

Հայաստանից ՌԴ ներկրվող լոլիկում ցեց է հայտնաբերվել. բեռը վերադարձվել է արտահանողին

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ծառայությունն արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու և դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին:

Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա»,- ասվում է ՍԱՊԾ հայտարարության մեջ:

Share