Բաժին. Տնտեսական

Խաչիկ գյուղում կստեղծվի 20 աշխատատեղ

Կառավարությունը որոշել է ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքում գտնվող դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկի տարածքը հետ վերցնել Խաչիկի միջնակարգ դպրոցից և անհատույց օգտագործման իրավունքով, 8 տարի ժամկետով հանձնել «Ոսկե կար» ՍՊԸ-ին: Ընկերությունը նպատակ ունի զարգացնել թեթև արդյունաբերությունը հանրապետությունում, ստեղծել նոր աշխատատեղեր Երևանում և սահմանամերձ շրջաններում, ընդլայնել տեղական արտադրանքի արտահանման ծավալները, հիմնադրել նոր մասնաճյուղեր և զարգացնել՝ ներգրավելով նոր գործընկերներ ՀՀ-ում և արտերկրում, բարձրացնել մասնագետների որակավորման աստիճանը և այլն: Ընկերությունը պարտավորվել է մեկ տարում կատարել 25 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 20 աշխատատեղ:

Գործադիրը որոշել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկված Տաշիրի կինոցանցի գույքը՝ շենքը և սեփականության իրավունքով հատկացված հողամասը, որը գտնվում է ք. Տաշիր, Վ. Սարգսյան փողոցում, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել համայնքին՝ վաճառքի գին սահմանելով 1000 դրամ: Քանդման և հարակից տարածքների բարեկարգման արդյունքում կստեղծվի ժամանակակից հանգստի գոտի:

Հիմնավորման համաձայն՝ 4-րդ աստիճանի շենքը ենթակա է քանդման: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախատեսում է մեկ տարվա ընթացքում կատարել 32 մլն դրամ ներդրում նշված շենքի քանդման և հարակից տարածքների բարեկարգման համար, որից 12 մլն դրամը ծախսվելու է շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման և 20 մլն դրամը՝ նրա հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների համար:

Share