Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց «Ռենկո»-ի կողմից ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի շուրջ արագ դիրքորոշում հայտնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության և Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարություններին հանձնարարեց արագ հստակեցնել իտալական «Ռենկո» ընկերության կողմից Երևանում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի շուրջ կառավարության դիրքորոշումը:

Վարչապետը նշեց, որ հանդիպում է ունեցել իտալական ընկերության ներկայացուցիչների հետ: «Ունենք մտահոգություն, որ կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում՝ չհստակեցնելով մեր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

Պարոն Զեյնալյան, արդյոք տեղի ունեցե՞լ է հանդիպում և ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հետաքրքրվեց վարչապետը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ մի քանի աշխատանքային հանդիպումներ են ունեցել, պայմանագիրը դրված է շրջանառության մեջ, խոհրդակցություններ են անցկացրել նաև փորձագետների հետ ու սպասում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փորձագիտական եզրակացությանը, որը կտրամադրվի երկուշաբթի: Դրանից հետո հնարավոր կլինի գնահատել փաստաթղթերը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին ասաց, որ իտալական ընկերության հետ պայմանագիրը ուղարկել են էներգետիկայի ինստիտուտ, որպեսզի տան մասնագիտական եզրակացություն:

«Ռենկո»-ի կողմից կառուցվող էներգետիկ համալիրի շինաշխատանքները տևելու են 25 ամիս: Կառուցվելիք ջերմաէլեկտրակայանի արտադրած էներգիան ըստ պայմանագրի պետությունը պետք է ձեռք բերի առաջիկա 20 տարիների ընթացքում: Այդ էլեկտրաէներգիան մեր երկրի համար լինելու է ավելցուկ, կա արտահանման խնդիր, իսկ մենք իրանական կողմի հետո ունենք էլեկտրաէներգիայի արտահանման պայմանավորվածություն՝ մինչ 2026 թվականը»,- ասաց Գրիգորյանը:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարեց խնդիրը լուծել արագ և դիրքորոշման ու եզրակացության մասին զեկուցել իրեն:

Share