Բաժին. Տնտեսական

Էդուարդ Աղաջանյան․ կառավարության բոլոր անդամներն այսուհետ գործուղման կմեկնեն էկոնոմ դասով

Եթե փոխվարչապետն էկոնոմ դասով է երթևեկում, ապա բոլոր նախարարները ևս այդ տարբերակով պետք է գնան գործուղումների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր Աստանա այցն իրականացրել է էկոնոմ դասի չվերթով՝ թե գնալը, թե հետադարձը: Այսուհետև սա է լինելու նոր կառավարության աշխատելաոճը»,-ասաց Աղաջանյանը:

Նա նշեց, որ այս ուղղությամբ ևս ծախսերը կտրուկ կրճատվելու են, իսկ պաշտոնյաներին ուղեկցող անձնակազմը լինելու է միայն անհրաժեշտության դեպքում: «Ուղեկցողների թիվը պայմանավորված է լինելու միայն անհրաժեշտությամբ, և որևէ մեկը շրջագայության նպատակով չի մեկնելու արտերկիր»,-հավելեց պաշտոնյան:

Share