Բաժին. Տնտեսական

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահի կարծիքը Նիկոլ Փաշինյանի՝ սուպերմարկետները բոյկոտելու կոչի մասին

Խոշոր սուբերմարկետների տնօրեններն ու Նիկոլ Փաշինյանը պետք է բանակցեն սննդամթերքի շուկայում գրանցված թանկացումների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը:

Անդրադառնալով սննդամթերքի շուկայում գրանցված թանկացումներին՝ նա նշեց, որ այդ ամենը տեղի էր ունենում ի վնաս հայ սպառողի:

Որքանով էր ճիշտ թալանչիներին և կոռուպցիոներներին բոյկոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, բանախոսը շեշտեց, որ այդ քայլն ազդեցիկ էր:

«Կարծում եմ, որ այդ ձևաչափը պետք է փոփոխվի, և նրանք պետք է նստեն սեղանի շուրջ և բանակցեն: Մինչ այսօր և այսուհետև սուպերմարկետների աշխատելաոճը, ենթադրում եմ, տարբեր կլինի: Հետևաբար, չի կարելի միայն հայտարարություններով կանոնակարգել այս ամենը: Կա Ազգային ժողով և, եթե անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն, ապա Կառավարությունը կարող է ներկայացնել փոփոխությունների փաթեթը, և ԱԺ-ն կգործի ի շահ մեր սպառողների»,- նշեց Նավասարդյանը:

Նրա խոսքով` ճիշտ չէ ասել, որ սուպերմարկետների գործունեությունն անօրինական է, քանի որ դա եղել է ՊԵԿ-ի և սուպերմարկետների սուբյեկտների միջև որոշակի պայմանավորվածությունների հետևանքով:

«Որպես միջանկյալ լուծում՝ տրվել է այն մոտեցումը, որ որոշ դրամարկղներ աշխատեն այլ հարկատեսակով, որը կբերի գյուղմթերքի գների մեղմման: Ճի՞շտ, թե սխալ է եղել սուպերմարկետների այդ քայլը` պետք է հարկային մարմինների աշխատակիցներն ասեն, բայց ասել՝ անօրինական է, այդքան էլ ճիշտ չէ: Եղել է պայմանավորվածություն, և դրա մասին բոլորը տեղյակ են եղել, նաև ներկայիս ՊԵԿ նախագահը և աշխատակիցները»,-ասաց Նավասարդյանը:

Նա արդարացի չի համարում նման անհավասար պայմաններ ստեղծելը սուպերմարկետների ու փոքր խանութների միջև: 

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահը նախկին գների վերաբերյալ ասաց, որ դրանք այնքան էլ արդարացված չէին, քանի որ գյուղացուց մինչև սուպերմարկետ հասնելու ճանապարհին լինում է երկու-երեք միջնորդ, ովքեր վերավաճառում են ապրանքը:

Եզրափակելով խոսքը՝ Արամ Նավասարդյանը նշեց, որ վերահսկող գերատեսչությունները պետք է գտնեն այլընտրանքային մեթոդներ, որ գյուղացու ապրանքը կարճ ճանապարհով հասնի սպառողին, ինչի արդյունքում գները կնվազեն:

Share