Բաժին. Տնտեսական

Արթուր Վանեցյան․ ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության

Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին խոշոր սուպերմարկետների կողմից հարկային չարաշահումների քրեական գործով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Անդրադառնալով Ռաֆիկ Մաշադյանի հայտարարությանը, թե ինքը տեղյակ է եղել, որ խոշոր սուպերմարկետները պայմանավորվածություն են ձեռք բերել գյուղմթերքի և մսամթերքի մասով աշխատել ԱՁ-ներով և ոչ թե ԱԱՀ հարկման դաշտում՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ այդ հայտարարության համար Մաշադյանին արդեն իսկ ծանուցում են ուղարկել և հրավիրել են ԱԱԾ հարցաքննության: «Կհրավիրենք հարցաքննության, որից հետո պարզ կդառնա նրա կարգավիճակը և ներգրավվածության աստիճանն այդ ամենի մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում, նրան նշանակեցին ՊԵԿ նախագահի տեղակալ, երբ ԱԱԾ-ն նրա մեջ ռիսկ է տեսնում, որ գուցե ներգրավված է եղել այդ կոռուպցիոն սխեմայում, Վանեցյանն ասաց․ «Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնի, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի»,- ասաց նա։

Մայիսի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն` «Երևան Սիթի» խանութների ցանցը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել հարկային կառույցի նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը իրականացնել է հարյուրավոր անձանց միջոցով՝ նրանց գրանցելով որպես անհատ ձեռներեցներ։ Գրանցված անհատ ձեռներեցները գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։ ԱԱԾ-ի նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 անհատ ձեռներեցների միջոցով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ (մոտ 83 մլն ԱՄՆ դոլար), որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ: Բացի այդ, ԱԱԾ-ն բացահայտել է, որ Հայաստանում սուպերմարկետների ցանցերին գյուղմթերք մատակարարող գյուղացիները մեծամասամբ աշխատում են առանց փաստաթղթերի։ Խանութները նրանցից մթերքը գնում են կանխիկ գումարով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի։

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՊԵԿ-ում տեղյակ են եղել, որ մեկ սուպերմարկետի հասցեում գործել են մեկից ավելի տնտեսվարողներ, այդ սխեման գործել է երկար տարիներ։ Նա նշել է, որ գործել են հարկման տարբեր ռեժիմներ ոչ միայն «Երևան Սիթի»-ի, այլև ցանցային առևտրով զբաղվող բոլոր մյուս սուպերմարկետներում։

Իր հերթին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ նախկին կառավարության հետ պայմանավորվածությունները չեն գործելու։ Նա տնտեսվարողներին ասել է, որ պետք է աշխատել նոր կանոններով, օրենքի դաշտում։ Հունիսի 1-ին խոշոր սուպերմարկետների ղեկավարները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և ստեղծված իրադրությունից դուրս գալու համար հանդիպում պահանջել նրա հետ: Նրանք առաջարկել են խնդիրը լուծելու օրենսդրական մեխանիզմներ մշակել:

Նամակի տակ ստորագրել են «Երևան սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա», «Կայզեր», «Կրպակ», «Սաս Գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Վաս գրուպ», «Դանիելյան» սուպերմարկետների ցանցերի ղեկավարները: Բացահայտված խախտումներից հետո հունիսի 1-ին սուպերմարկետներում մսամթերքն ու գյուղմթերքն արդեն վաճառվում է մոտ 20 տոկոս թանկացմամբ: ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ է եղել այն մասին, որ խոշոր սուպերմարկետները ՊԵԿ-ի հետ համաձայնություն են ունեցել գյուղմթերքի և մսամթերքի մասով աշխատել ԱՁ-ներով և ոչ թե ԱԱՀ հարկման դաշտում:

Share