Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ-ը խոշոր սուպերմարկետներում գնային փոփոխություն չի արձանագրել

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվում է մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում տեղի ունեցած գյուղատնտեսական որոշ ապրանքների գների փոփոխությունների խնդիրը:  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացվում բացառապես գերիշխող ապրանքային շուկաների նկատմամբ:

«Առավելապես քննարկվում է մսի թանկացման հարցը, ինչի հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Մսի շուկան համարվում է մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմների միջոցով: Այդ շուկայում գործում են հարյուրավոր մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ, և որևէ տնտեսվարող չի համապատասխանում  գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և սպառողների մտահոգությունը, ՀՀ ՏՄՊՊՀ-ը երկօրյա դիտանցում է իրականացրել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում: Հանձնաժողովի դիտանցման խումբը այսօր որևէ փոփոխություն չի արձանագրել, և սպառողները կարող են միսը գնել այն արժեքով, ինչ նախկինում:

Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ տեղի ունեցած մսի գնի կարճաժամկետ փոփոխությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամբողջությամբ պայմանավորված է հարկային վարչարարությամբ, և նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս: Հարկային վարչարարության կիրառման սկզբունքները և դրանցով պայմանավորված տնտեսվարողների գործողությունները հանձնաժողովի գործունեությանը չեն առնչվում:

Հարկ ենք համարում նաև անդրադառնալ մի էական խնդրի ևս: Հանձնաժողովի որոշմամբ, որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող: Ի տարբերություն այլ ապրանքային շուկաների, որտեղ գերիշխող համարվելու համար տվյալ տնտեսվարողը իրացման ծավալներով պետք է զբաղեցնի շուկայի առնվազն 1/3-ը, այս դեպքում օրենքի հիմքում դրված են այլ չափորոշիչներ: Մասնավորապես.   օրենքը սահմանում է, որ տվյալ առևտրային կետը պետք է հանդիսանա նվազագույնը չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, իսկ առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը պետք է գերազանցի 1.5 մլրդ դրամի շեմը: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները («Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ») միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առևտրի  15 տոկոսը: Բացի այդ, հարկ է նաև նշել, որ մանրածախ առևտրով զբաղվում են  հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն,   մանրածախ առևտրի օբյեկտների քանակը կազմել է  17.223 (առանց վառելիքի իրացման գործունեության), մինչդեռ 5 առաջատար ցանցային սուպերմարկետներին պատկանող առևտրի օբյեկտների ընդհանուր  քանակը 82 է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին ՏՄՊՊ հանձնաժողովից:

Կոնկրետ մսի կամ այս օրերին քննարկվող բանջարեղենի իրացման մասով, վերոնշյալ խոշոր առևտրային ցանցերի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկաներում  բավականին ցածր է: Այս հանգամանքը փաստում է, որ դրանց կողմից մրցակցությունը  սահմանափակելու  հնարավորություններն ու ռիսկերը  բավականին ցածր են:

Հանձնաժողովը շարունակում է վերահսկողություն և համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ օրենքով սահմանված չարաշահման դեպքերը կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ:

Share