Բաժին. Տնտեսական

Արթուր Գրիգորյանը բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ տնտեսության զարգացման հարցում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանն  ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության պաշտոնական էջից։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր  Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի  տնտեսության զարգացմանը, և համոզմունք հայտնել, որ  էներգետիկայի  բնագավառում իրականացվող ծրագրերը այսուհետ ևս կլինեն արդյունավետ և շարունակական:

Նախարարը նշել է, որ Գերմանիան մեր երկրի կարևոր և լավագույն գործընկերն է, և հույս հայտնել, որ այդ հարաբերությունները կնշանավորվեն էներգետիկայի բնագավառում նոր նախաձեռնություններով:

Դեսպան Քիսլերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության  համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ էներգետիկայի  բնագավառում օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:

Զրուցակիցները կարևորել են համատեղ իրականացվող  Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը, և  մտքեր  փոխանակել մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության  համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ:

Share