Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Կուտակայինի հետ կապված պետք է կայացնենք Հայաստանի ազգային շահերից բխող որոշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկն է համարում կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը, որոշում կայացնելը: «Ինչպես գիտեք, հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Ու քանի որ հարցն ունի հսկայական քաղաքական ենթատեքստ, կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ: Իհարկե, մենք պիտի կայացնենք բացառապես այնպիսի որոշում, որը բխում է Հայաստանի ազգային շահերից և այդ որոշումը պետք է լինի գիտակցված ու պատասխանատու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով մի քանի փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս:

«Փաստ առաջին – պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված են համակարգում և շահառուների միայն 20 տոկոսն է, որոնց ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Փաստ երկրորդ – այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Փաստ երրորդ – կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են՝ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը՝ ռուսերեն точка невазврата: Կառավարության ղեկավարն ասաց, որ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս գործադիրը պետք է հաշվի առնի ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար:

«Ամեն դեպքում, ուզում եմ հիշեցնել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ մեր բոլորիս մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունն այն ներդնող կառավարության և իշխանության նկատմամբ: Այսօր այս խնդիրը վերացել է, և ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այս հարցի վերաբերյալ մենք կկարողանանք կայացնել որոշումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերը: Ամեն դեպքում, համոզված եղեք, որ կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ և թափանցիկ ու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ այս և մյուս հարցերում մեր կայացնելիք որոշումների միակ, կրկնում եմ միակ շարժառիթը հենց քաղաքացիներին, նրանց այսօրվան և ապագային անմնացորդ և դուխով ծառայելն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Share