Բաժին. Տնտեսական

Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.2 %-ով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 217 615 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 5.4 %-ով:

2018 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 202 290 մարդ՝ 2.1 %-ով գերազանցելով նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 6540 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 9341 տոննա ապրանք:

2018 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 325 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 8240 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 59 350 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 27 429 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11.5 %-ով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

Share