Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրության պարենային մթերքների շնորհանդես՝ Մոսկվայում

Հունիսի 8-ին, Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել Հայաստանում արտադրված պարենային ապրանքների շնորհանդես: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։

Միջոցառմանը, որին մասնակցել են պարենային ապրանքների ավելի քան երկու տասնյակ արտադրողներ Հայաստանից, ներկայացվել է սննդամթերքի լայն շրջանակ․ կաթնամթերք (պանիրներ), գինու և կոնյակի տեսականի, պահածոներ մրգերից և բանջարեղենից, հրուշակեղեն, վերամշակված մսամթերք, ձկնամթերք և այլն։ Որոշ արտադրողներ ռուսական շուկայում ներկայացվել են առաջին անգամ:

Շնորհանդեսին ռուսական կողմից ներկա էին տարբեր մակարդակի առևտրային ընկերությունների ներկայացուցիչներ՝ սկսած խոշոր մանրածախ առևտրային ցանցերից, ինչպիսին է X5 Retail Group-ը, մինչև ինտերնետ խանութներ, նաև գործարարներ, ռեստորանների, հասարակության լայն զանգվածի և մամուլի ներկայացուցիչներ: Ու քանի որ Մոսկվան հանդիսանում է նաև խոշորագույն լոգիստիկ կենտրոն, որտեղ իրականացվում են արտահանման-ներմուծման մեծածավալ գործառնություններ, շնորհանդեսին հրավիրվել և մասնակցել են նաև պարենային ապրանքների ուղղությամբ մասնագիտացված լոգիստիկ կենտրոնների ներկայացուցիչներ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկին համապատասխան, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցների հետաքրքրությունը և ցանկությունը՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացներին, շնորհանդեսին հրավիրվել և մասնակցել են նաև հայկական ծագումով ՌԴ գործարար համայնքի ներկայացուցիչներ, ովքեր հայտնել են միջոցառմանը ներկայացված մի շարք ձեռնարկություններում ներդրումներ կատարելու իրենց մտադրության մասին:

Միջոցառումը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի առևտրական ներկայացուցչի կողմից՝ «Բիզնես Հայաստան» հիմնադրամի մասնակցությամբ:

Share