Բաժին. Տնտեսական

Առողջապահության և կրթության ոլորտներին կատարվող բյուջետային հատկացումների նվազումն անընդունելի է․ Արման Թաթոյան

Հայաստանում առողջապահության և կրթության ոլորտներին կատարվող բյուջետային հատկացումների նվազումն անընդունելի է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Բյուջետային հատկացումների վերաբերյալ մեր կողմից հատկապես ուսումնասիրվել է  կրթության ու առողջապահության ոլորտներին  կատարված բյուջետային հատկացումները, և այդ առումով մեզ համար ընդունելի չէ ներկա  պատկերը, մասնավորապես` առողջապահության  և կրթության ոլորտներում հատկացումները:

2013 թվականից սկսած էական առաջընթաց չի գրանցվել, իսկ առանձին դեպքում նույնիսկ  դրանք նվազում են ապրել: Սա, բնականաբար, չի նպաստում երեխաների  իրավունքների  պաշտպանության համակարգի արդյունավետ գործողությանը»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը, ներկայացնելով վիճակագրական տվյալները, ասաց, որ առողջապահության ոլորտում  հատկացված գումարները եղել են համախառն ներքին արդյունքի 1.5 տոկոսի սահմաններում, իսկ կրթության ոլորտի ցուցանիշները նվազել են մինչև  ՀՆԱ-ի 2.34 տոկոսը:

«Հատուկ ուզում եմ նշել, որ  նույնիսկ կրթության ոլորտին կատարվող բյուջետային հատկացումները 2013 թվականի դրությամբ անկում են ապրել: 2013 թվականին ունեցել ենք 2.40 տոկոս հատկացում, 2014-ին` 2.54, 2015-ին 2.40, 2016-ին 2.39, իսկ 2017-ին՝ 2.34 տոկոս: Բնականաբար, այս պատկերն անընդունելի է, և կարծում ենք, որ սրա հետևանք է նաև, որ թե մարդկային թե ֆինանսական ռեսուրսների խիստ պակասի պատճառով արդյունավետ չեն դառնում այս ոլորտում միջոցառումները»,- ընդգծեց Թաթոյանը:

Share