Բաժին. Տնտեսական

Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազեցման․ Ատոմ Ջանջուղազյան

 Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով:

«Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է: Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։ Նախագծի ընդունումը կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տնտեսավարող սուբյեկտները շարունակում են ակն­հայտորեն թեր­հայ­տա­րա­րագրել իրենց իրացման շրջանառությունները՝ անգամ շրջա­նառության հարկի շեմին մոտե­նալու և շեմը գերազանցելու որևէ ռիսկ չունենալու պարա­գայում: «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից և հունվարի 1-ից շրջանառության հարկը սահմանել 58.35 մլն դրամ»,- ասել է Ֆինանսների նախարարը:

Share