Բաժին. Տնտեսական

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների և երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության պաշտոնական կայքից։ 

Նախարարը հայտնեց, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, և հրավիրեց երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Նախարար Արթուր Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ մշակման փուլում է ՀՀ-ում անասնապահության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է լինելու խթանել ՀՀ-ում անասնապահությունը և բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։ Նա ներկայացրեց առկա և նախատեսվող ծրագրերը, որոնք կոչված են օգնելու կաթ արտադրողներին: Դրանք են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, արոտներում ջրարբիացման համակարգերի կառուցման և արոտների բարելավման, ինչպես նաև անասնագլխաքանակի հաշվառման ծրագրերը։

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց մտահոգությունները և ոլորտում առկա խնդիրները՝ կապված կաթի մթերման գնի, անմիջական ֆինանսական աջակցման տրամադրման, անասնապահության արդյունավետության և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ։

Share