Բաժին. Տնտեսական

Հայկ Մնացականյանը՝ երիտասարդ տնտեսագետներին. անշեղորեն հետևեք ինքնազարգացման, շարունակական կրթության վեկտորին

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «այսօրվա» իրավիճակին և մի քանի կետով ներկայացրել դրանք։ Նա հատկապես անդրադարձել է իր կոլեգաների ակտիվ գրառումներին ֆեյսբուքում և կոչով դիմել երիտասարդ, կրթված, բարի ու պարկեշտ բոլոր մարդկանց։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Հարգելիներս,

Վերջին ժամանակշրջանում հետևում եմ հարազատ մասնագիտության ներկայացուցիչների ակտիվությանը և գրառումներին ֆեյսբուքում: Ըստ էության դրանք կարելի բաժանել հետևյալ հիմնական խմբերի.

1. Վերլուծություններ ԱՅՍՕՐՎԱ իրավիճակի վերաբերյալ` մի դեպքում ներկայացնելով դրական ցուցանիշները, մեկ այլ դեպքում առաջարկելով աջակցություն:

2. Հարցազրույցներ, որոնց հեղինակները քննադատում են ԱՅՍՕՐՎԱ ցուցանիշները կամ որոշ երևույթներ, ընդ որում նրանք քննադատում էին նախորդին, նախորդի նախորդին:

3. Գործարարներ, ովքեր երբեմն գոհ են, երբեմն էլ դժգոհ են ԱՅՍՕՐՎԱ հարկերի մեծությունից:

4. Ավագ սերնդի հարգելի մասնագետներ, ովքեր համոզված են, որ իրենց գիտելիքը և փորձը ավելին է և ԱՅՍՕՐՎԱՆԻՑ պատրաստվում են նոր ընտրությունների` նորից վերադառնալու օրենսդիր կամ գործադիր մարմին և կրկին փորձելու:

5. Մարդիկ, ովքեր ուղղակի ԱՅՍՕՐ համեստորեն և նվիրված իրենց աշխատանքն են կատարում:

6. Բարի, դրական լիցքերով ոգևորված երիտասարդություն, ովքեր լցված չեն չարությամբ ու լի են ԱՊԱԳԱՅԻ դրական սպասումներով:

Ընդհանրացնելով վերը նշվածը` իմ առաջարկն ու խնդրանքը ուղղում են երիտասարդ, կրթված, բարի ու պարկեշտ բոլոր մարդկանց:

Արդեն իսկ սկսվել է ԱՊԱԳԱՅԻ կերտման նոր բեկումնային ժամանակաշրջան: Դուք էական դերակատարում պետք է ունենաք այդ գործում:

Մի կենտրոնացեք այսօրվա վրա, այլ հստակ Ձեր գրառումներում և էջերում նշեք Ձեր ամենամոտ ԱՊԱԳԱՅԻ հիմնական ԴՐԱԿԱՆ սպասումները:

Համոզված եղեք, որ Ձեր ԲԱՐՁՐԱՁԱՅՆԱԾ դրական սպասումներն ու հետևողականությունն է ձևավորելու մեր բոլորի սպասված ԱՊԱԳԱՆ:

Եվ անպայման շարունակեք մնալ ՄԻՇՏ ԱԿՏԻՎ, դա շատ կարևոր և էական է ու անշեղորեն հետևեք ինքնազարգացման, շարունակական ԿՐԹՈՒԹՅԱՆ վեկտորին», – եզրափակել է Հայկ Մնացականյանը:

Share