Բաժին. Տնտեսական

Հայաստանում զարգանում է տեքստիլ ոլորտը․ Արծվիկ Մինասյանն ընդունել է WRAP կազմակերպության նախագահ Ավեդիս Սեֆերյանին

«Միջազգայնորեն պատասխանատու հավատարմագրված արտադրություն» (WRAP) կազմակերպության նախագահ և տնօրեն Ավեդիս Սեֆերյանի հայաստանյան այցի շրջանակում, Բիզնես Արմենիայի նախաձեռնությամբ, հունիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հանդիպում է կազմակերպվել տեքստիլ արդյունաբերողների հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական էջից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Մկրտչյանը, այլ պաշտոնյաներ։

WRAP-ը՝ «Միջազգայնորեն պատասխանատու հավատարմագրված արտադրություն» կազմակերպությունը (http://www.wrapcompliance.org/ ), տեքստիլ ոլորտի աշխարհի առաջատար արտադրողներին համապատասխանության հավաստագրեր է տրամադրում անվտանգ, օրինական, մարդասիրական եւ էթիկական նորմերին համապատասխանության, այդ թվում՝ ստիպողական, խտրական, մանկական աշխատուժի չկիրառման վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, առողջության պահպանմանը, խրախուսման համակարգին։ WRAP-ը արտադրական պատշաճ գործընթացին համարժեք հավաստագրում է, որը տրվում է փորձագիտական ուսումնասիրության արդյունքում։ Եվ հատկապես տեքտիլ արտադրանքի արտահանման «անցաթուղթ» է համարվում դեպի ամերիկյան շուկա։

Հայաստանի տեքստիլ ոլորտի գործարարները WRAP նախագահ Ավեդիս Սեֆերյանին հարցեր են ուղղել հավաստագրման պայմանների, արտադրական գործընթացի միջազգային լավագույն փորձի մասին, քննարկել հայաստանյան տեքստիլ ոլորտի զարգացման ծրագրեր։

Կազմակերպության գլխավոր գրասենյակն ԱՄՆ Արլինգտոն քաղաքում է, տարածաշրջանային գրասենյակներ կան Հոնկոնգում, Եվրոպայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Դաքքայում, Հարավարևելյան Ասիայում, Լատինական Ամերիկայում։ Կառույցը, որը ղեկավարում է 11-հոգանոց տնօրենների խորհուրդը, գլխավորում է մեր հայրենակից Ավեդիս Սեֆերյանը։

Share