Բաժին. Տնտեսական

Աշոտ Հակոբյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մի շարք հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվիրակությանը` արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները։

Նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հայ-ռուսական բազմամյա տնտեսական հարաբերություններն առավել կամրանան։

Որպես արտաքին առևտրաշրջանառության ակտիվացման լավ օրինակ՝ նախարարը նշել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից անցած տարվանից կազմակերպվող լաստանավային, ապա երկաթգծով` մուլտիմոդալ բեռնափոխադրումները։

Աշոտ Հակոբյանի խոսքով` գործընթացի մեկնարկից ի վեր այս տարբերակով բեռնափոխադրման ծավալներն զգալի աճել են։

Քննարկվել են նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող` այդ թվում տիեզերական տարածության շուրջ հետազոտման և խաղաղ նպատակով օգտագործմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ուղղությունները։

Share