Բաժին. Տնտեսական

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հարկային քաղաքականության գծով ավագ տնտեսագետ Մարտին Գրոտեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկային քաղաքականության և վարչարարության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես` գույքահարկի, եկամտահարկի, շահութահարկի, ինչպես նաև վարչարարության կարողությունների, հարկային արտոնությունների վերաբերյալ:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հարկային քաղաքականության բարեփոխումներին ընդառաջ անհրաժեշտ է ախտորոշել ընդհանուր համակարգը և առկա խնդիրները լուծել վերաբաշխման արդար և արդյունավետ սկզբունքների կիրառմամբ:

Մարտին Գրոտեն իր հերթին նշել է, որ հարկային ոլորտում իրականացվող վերահավասարակշռման գործընթացներում կարևոր է արդարության և հավասարության պահպանումը: Նա նաև անդրադարձել է համակարգի պարզեցմանը, ինչը թույլ կտա նվազեցնել հարկային պարտավորություններից խուսափելու հնարավորությունները:

Նախարար Ջանջուղազյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:

Share