Բաժին. Տնտեսական

Արտակ Շաբոյան․ Փոփոխություններ են կատարվելու ակտերում, որ լիցենզիաները տրամադրվեն մրցակցային եղանակով

ՏՄՊՊՀ-ն բոլոր գերատեսչություններին առաջարկում է իրավական ակտերում փոփոխություններ իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովում հուլիսի 6-ին տեղի ունեցավ հերթական նիստը։

Հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացրել, պարզելու համար, թե ինչ սկզբունքներով են պետական տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվում բացառիկ լիցենզիաներն ու քվոտաները:

Խոսքը վերաբերում է, օրինակ, ձկան և խեցգետնի արդյունահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդային վահանակների տեղադրմանը, և այլն:

Հանձնաժողովն ուսումնասիրել է 27 պետական մարմնի կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, որի արդյունքում բացահայտել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ:

Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ պետական գերատեսչությունների ենթակայության տակ գործում են ՊՈԱԿ-ներ, որոնք բիզնես գործառույթ են իրականացնում և տիրապետելով պետական միջոցների՝ անհավասար պայմաններ են ստեղծում մասնավորների նկատմամբ:

Օրինակ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է  հանգստի և զբոսաշրջության հետ կապված ծառայություններ, կամ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ն իրականացնում է գիշերակացի տրամադրում:

Զեկուցող Մհեր Ալավերդյանն ասաց, որ պետական ընկերությունները չեն վճարում  ձեռնարկատիրական գործունեության համար սահմանված հարկեր, տիրապետում են ավելի շատ ֆինանսական միջոցների: Այս ամենի արդյունքում այդ ընկերությունները մրցակցային առավելություն  են ստանում նույն գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությունների հանդեպ:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ընդգծեց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն գերատեսչություններն այդ թույլտվություններն ինքնուրույն են կատարում:

«Փոփոխություններ են կատարվելու ակտերում, որ լիցենզիաները տրամադրվեն մրցակցային եղանակով: Մեր առաջարկն է, որ լինի 1 էլեկտրոնային հարթակ և բոլորը տեղյակ լինեն մրցույթներից: Այժմ այդ հնարավորությունը չկա` մրցակցային եղանակով իրականացնելու»,-  նշեց Շաբոյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա շեշտեց, որ այժմ առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև իրավական ակտերում:

Share