Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսու հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսու հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է , որ նախորդ շաբաթը հարուստ էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով, ինչը շատ կարևոր է և վերստին հայտնել է գերատեսչության բոլոր օղակների ամբողջ թափով արդյունավետ աշխատանքին միտված պատրաստակամությունը։

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադաձել տնտեսության ազդակներին, ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավման հարցերին։

Մասնավորապես, տնտեսական ցուցանիշներին անդրադառնալով, նախարարը նշել է, որ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է տնտեսական ակտիվության 8.9 % աճ, աճել են արտահանման և ներմուծման ծավալները, զարգացում կա գրեթե բոլոր ուղղություններով, ինչը փաստում է, որ տնտեսությունը դրական է արձագանքել իրականացվող հակակոռուպցիոն գործողություններին և կառավարության՝ մրցակցային միջավայր ձևավորելու հանձնառությանը։ Ներկայում մեծ անհրաժեշտություն են ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորումն ու օրենսդրական բարեփոխումները։ Այս համատեքստում նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը և օտարերկրյա ներդրումների պաշտպանությանը վերաբերող համապատասխան օրինագծերի ընդունման կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել կարողությունների հզորացման, արտահանման խրախուսման, մտավոր սեփականությանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Նախարարը հետագա աշխատանքում ևս հաջողություններ է մաղթել Հոա-Բին Աջեմյանին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում։

Հանդիպման ավարտին կողմերը կրկին վերահաստատել են համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը։

Share