Բաժին. Տնտեսական

1000 Դրամների հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է 2015-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա

 «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կիրականացվեն փոփոխություններ և դրա շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ գործող օրենքով դրա շահառուներ են հանդիսանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները:

«Այսինքն, այսպես ասած «1000 դրամների» օրենքում նախատեսված ժամկետը երկու տարով հետ կտրվի և այն կտարածվի 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա նաև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կայանալու է համապատասխան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է նախկին զինծառայողներին շահառու ճանաչելու վերաբերյալ հարցը: «Շահառու կճանաչվի ևս 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ»,- ասաց Տոնոյանը:

Իր հերթին, վարչապետը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներն ու զինհաշմանդամները նախկինում շահառու չէին հանդիսանում, սակայն այս փոփոխությամբ այդ հարցը ևս կլուծվի:

«Պետք է կոչ անենք, որ բոլոր ընկերություններին շարունակել վճարումները: Այս հիմնադրամը պետք է ավելի մեծանա, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակաշրջանում վիրավորված զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ընդգծեց վարչապետը:

Share