Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-ում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավարության հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում անդրսահմանային առևտրի ժամանակ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկման գործընթացին: Այս առնչությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ չնայած ՀՀ ձեռնարկատերերի համար արդեն իսկ ներդրվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի հաստատման պարզեցված գործընթացը՝ հնարավորություն կա նաև ներդնելու առավել պարզ և միաժամանակ արդյունավետ մեխանիզմներ Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում: Այս նպատակով ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվել է «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի  ներդրումը և ԵԱՏՄ անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը» նախաձեռնությունը, որի շրջանակում ներկա փուլում նախատեսվում է կատարել գիտահետազոտական աշխատանքներ:

Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա վերափոխել թղթային փաստաթղթերի դուրսգրման և մշակման հնացած գործընթացը: Արդյունքում կկրճատվի արտահանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը և կվերանա մի քանի լիազոր մարմիններ դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը: Այն իր հերթին կբերի ստվերային տնտեսության մակարդակի կրճատմանն ու ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ հասանելիության պարզեցմանը: 

Share