Բաժին. Տնտեսական

Կառավարությունում քննարկվել են գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը նշել է, որ խոսքը գնում է մոտ 2700 հեկտարի մասին, և ակնկալվում է, որ պետական աջակցության ծավալը կկազմի մոտավորապես 185 մլն դրամ: Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումն է և տարածքային անհամամասնությունների մեղմումն է: Ա. Խաչատրյանի խոսքով՝ գաղափարը քննարկվել է մարզային այցելությունների ժամանակ, և ընդհանուր առմամբ արձագանքը դրական է:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցներն իրենց կարծիքներն են հայտնել ծրագրի առնչությամբ, հանդես եկել մի շարք առաջարկություններով: Քննարկվել են նախորդ տարիներին պետական աջակցությամբ մի շարք՝ դիզվառելիքի, պարարտանյութի, սերմացուի ծրագրերի արդյունավետությանը և հասցեականությանը, առաջարկվող շահառու համայնքների ընտրությանը, կոոպերատիվների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, ընդգծել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսության ոլորտին աջակցելու և այդ աջակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, և այս առումով կարևոր է, որպեսզի քննարկվող ծրագրով տրամադրվելիք պետական աջակցությունը հասնի ուղիղ շահառուին՝ առանց միջնորդավորված օղակների: «Դիզվառելիքի, սերմացուի ծրագրերը, որոնց մասով մամուլում էլ են տասնյակ հրապարակումներ եղել՝ թե ուր են գնում և ոնց են գնում, պետք է ուղղակի չանել և տրանսֆորմացնել ուրիշ ծրագրերի», – նշել է կառավարության ղեկավարը և հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում քննարկել ներկայացված առաջարկությունները, լրամշակել նախագիծը և վերջնական տեսքով ներկայացնել կառավարության քննարկմանը:

Share